ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Օր երրորդ` Սիոն լեռան վրա

Օր երրորդ` Սիոն լեռան վրա
03.05.2013 | 12:38

Խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր: Առավոտյան Սրբոց Հակոբյանց տաճարում Ավագ հինգշաբթվա պատարագն էր, որին հաջորդեց ոտնլվայի արարողությունը: Հայ համայնքի անդամներից բացի ներկա էին այս օրերին աշխարհի չորս ծագերից հավաքված ուխտավորներ՝ իտալացիներ, անգլիացիներ, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ: Նրանց արձագանքը հայ պատարագին շատ հետաքրքիր էր, համենայն դեպս հավերժորեն շտապող օտարերկրացիները սկզբից մինչև վերջ ներկա էին բազմաժամյա պատարագին, ու դա գեղեցիկ էր:
Սքանչելին Հիսուսի Չարչարանաց հիշատակի թափորն էր, որ անցավ նրա երկրային վերջին օրերի ճանապարհով: Աշխարհի ամենաերկար ճանապարհն անցնում է Երուսաղեմի հայկական թաղամասով: Վանքը կոչվում է Հրեշտակապետաց, ու այդ վանքում առաջին արգելարանն է, որտեղ Հուդայի մատնությունից հետո արգելափակել էին անմեղ մարդուն, ում խաչելու էին: Իսկ խաչելուց առաջ, ըստ ավանդության, նրան ձաղկել են քահանայապետ Անանի հրամանով՝ հասցնելով մտրակի երեսունինը հարված ու այն կոճղը, որին կաթել է Հիսուսի արյունը՝ ծաղկել է: Ձիթենին այսօր էլ կա Հրեշտակապետաց վանքի բակում: Ու այդ ձիթենու պտուղների կորիզները ամենափնտրվածն են Երուսաղեմի բոլոր ձիթենիների պտուղներից՝ լինելով բուժիչ: Սուրբ լինում են նաև ծառերը, երբ մարդիկ ուզում են մեղքերը քավել: Սուրբ Փրկչի վանքում է Հիսուսի երկրորդ արգելարանը՝ Ձիթենյաց այգում, որը ևս Երուսաղեմի հայկական թաղամասում է: Ես անցա այդ ճանապարհը թափորի հետ, հետո նաև մենակ: Կիզիչ արևի տակ, քարե պարսպի սպիտակությունը թվում է հայելի, որտեղ դու տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ ու քո՝ քեզ անհայտ պատկերը, այլև տեսնում ես մարդկանց, ում չես ճանաչել, բայց ովքեր ապրել են այն կյանքը, որ իրենցից հետո ապրելու էինք բոլորս ու ամեն ինչ սկսվելու էր ընտրությունից: Մարդիկ ծնվում են մենակ ու մեռնում են մենակ, եթե հոգում Աստված չունեն: Նրանց ընտրության իրավունք տրվում է մեկ անգամ միայն, միայն մեկ անգամ ու հետո մնացած ամբողջ կյանքը, որ նրանցից ոմանք անվանում են նաև ճակատագիր, ապրվում է ըստ այդ ընտրության: Ու այնպես չէ, որ նրանք չեն սխալվում, նրանց տրված զղջումի ու ապաշխարանքի հնարավորությունը, սակայն, բնավ երաշխիք չէ, որ նրանք այլևս չեն սխալվելու: Ու հենց այդ պատճառով նրանք միշտ որոնելու են մեկին, ով մեղավոր է իրենց սխալների համար՝ առաջինը, երկրորդը՝ ով հասկանալու է իրենց, և երրորդը՝ ով ներելու է: Ներելու է ու սխալն ուղղելու հնարավորություն է տալու: Երկրորդ խոստովանությունս՝ արդեն երրորդ օրը Երուսաղեմում արտաքին բոլոր դրսևորումների մեջ, որ պահպանել է պատմությունն իբրև նյութական արժեք, ես որոնում եմ ներքինը, ես որոնում եմ նրան, ով Ալֆան է ու Օմեգան: Այս բոլոր տաճարները, խորհրդանիշները, քարերն ու հիշատակները պատյանն են, իսկ ես որոնում եմ մարգարիտը խեցու մեջ, որ դեռ ավազահատիկ է: Որովհետև այն, ինչ կա, կա ու եղել է միշտ, բայց մենք հասկանում ենք միայն այն, ինչ ունենք մեր փորձով ու մեր գիտակցությամբ: Մեզնից ոմանք ունեն նաև այն, ինչ չկա երկրում, ինչ ունի միայն երկնային ծագում, բայց նրանք կամ չեն գիտակցում, կամ չգիտեն ինչ անել: Օդում ճախրում է հավերժությունը ու մենք, որ ժամանակի պատանդներն ենք, ստեպ ստեպ հաղորդակցվում ենք հավերժությանը, բայց մնում ենք անտեղյակ: Ու Աստված ապրում է մենակ, որովհետև երբ մարդիկ կարող են Աստծուն խաչել, իսկ նա կարողանում է նրանց ներել, հավերժությունը այլևս ոչ թե ճախրում է օդում, այլ ապրում է մեր մեջ: Խոստովանություն երրորդ՝ կյանքը զբաղմունքի փնտրտուք է, բայց շատ քչերն են որոնում ու առավելևս գտնում իրենց առաքելությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Հայաստանից բերված գաթան հայտնվել էր մի սեղանին, որի շուրջ հայեր էին բոլոր այն երկրներից, որտեղ հայ կա: Գաթան շատ չէր, բայց հերիքեց բոլորին ու նրանց համար նշխար էր: Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում այս իրողությունը, որ տեղ ուներ այսօրվա մեջ՝ երկուհազարտասներեքի մայիսի երեքին Սիոն լեռան վրա, հայկական հարկի տակ: Ձիթենյաց այգու ճյուղը կանաչ է արդեն երկու հազար տարի ու դալար է մնալու, քանի կա ժամանակը:
Երուսաղեմ

Դիտվել է՝ 3334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ